27th February 2013

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. ավելի հին և ավելի լավ` ինչպես Լոնդոնի մետրոն

Erik 2

Էրիկ Գյուլազյան
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան
Առևտրի և զարգացման հարցերով խորհրդական

Հայտնի բան է, որ գինու հինն է լավը, բայց  որպեսզի հնեցված գինին համապատասխանի մեր սպասելիքներին, անհրաժեշտ է, որ այն տարիների ընթացքում հոգատարությամբ խնամվի մասնագետների կողմից:

Այս տարի Լոնդոնի մետրոն նշում է իր հիմնադրման 150 ամյակը: Միայն պատկերացրեք՝ այն կառուցվել է այն ժամանակ, երբ  դեռևս չկային համակարգիչներ և որևէ iծրագիր, որոնք այսօր մեր կյանքը դարձնում են այսքան դյուրին:  Այդուհանդերձ, դարերի ընթացքում մետրոն մնում է լոնդոնյան կյանքի անփոխարինելի մասը: 8383597810_f34c464baf_z

Ես ապրել եմ Լոնդոնում և մշտապես օգտվել եմ մետրոյից: Ամեն անգամ Լոնդոնի մետրոն եղել է այն ընկերը, ով ամենապարզ և ուղիղ ճանապարհով ինձ տանում  էր ուր ցանկանայի: Ես կարող էի այլ, առավել ճոխ միջոց ընտրել Elephant and Castle-ից Camden Town հասնելու համար, և այդ ճոխ մեքենան կծառայեր միայն ինձ: Սակայն այդ դեպքում. Ա) դա ինձ մի ամբողջ կարողություն կարժենար, Բ) ես հավանաբար կուշանայի, քանի որ նույնիսկ ճոխ մեքենաները չեն կարող թռիչք կատարել Լոնդոնի խցանումների վրայով (…բացառությամբ իհարկե Օլիմպիական խաղերի հյուրերի… J)

150 տարիների ընթացքում Լոնդոնի մետրոն մի քանի կայարանից աճել ու դարձել է մի մեծ առանձին մեգապոլիս: Այն հիմա ունի մոտ 270 կայարան և առավել քան 400կմ ձգվող ուղիներ, որի 45 տոկոսը ստորգետնյա է: Լոնդոնի մետրոն տարեկան տեղափոխում է 1.2 միլիարդ մարդ (միայն պատկերացրե’ք) և թունելով անցնող ուղևորներից միայն շատ քչերն են իրենք իրենց հարցնում. <<ինչպե՞ս է այս ամենն աշխատում>>:

Իսկ պատասխանն այս է. որպեսզի մետրոն աշխատի այնպես ինչպես այն աշխատում է հիմա, մարդիկ 150 տարի պահպանել ու զարգացել են այն: Միայն աչալուրջ խնամքի ու վերազինման  շնորհիվ է, որ մետրոն այսօր էլ ծառայում է հիմնադիրների թոռներին ու ծոռներին` 150 տարի անց նույն ձևով նրանց տեղափոխելով Paddington-ից King’s Cross:

Սակայն մետրոյի մասին իմ առաջին տպավորությունները կապված են Երևանի մետրոյի հետ, երբ 1980-աններին հայրս ինձ ու եղբորս առաջին անգամ տարավ Շենգավիթ – Գարեգին Նժդեհ կայարանների կիսակառույց թունելը: Կարող եք միայն պատկերացնել ինչպես է այդ ուղևորությունը իմ մեջ տպավորվել ու ինչքան վառ է մնացել հիշողությանս մեջ նույնիսկ տասնյակ տարիներ անց: Որպես երեխա ես հիացած էի լինել ստորգետնյա թունելում: Երեխա ժամանակ Մետրո նստելը ինձ համար միայն հաճելի ժամանց էր, իսկ հետո՝ ավելի ուշ Մետրոն էր, որն ինձ հինգ տարի շարունակ տանում էր համալսարան ու տուն բերում:

Ես սիրում եմ Երևանի մետրոն և այդ  իսկ պատճառով նկատում եմ ցանկացած փոփոխություն, որ տեղի է ունենում այստեղ տարիների ընթացքում:

Ցավոք սրտի 1990-2000-ականները բարեգութ չեղան Երևանի մետրոյի նկատմամբ, չնայած նրան, որ մասնագետները ամեն կերպ ջանում էին այն պահպանել բարձր չափանիշներին համապատասխան: Ես սկսել էի արդեն անհանգստանալ մեր սիրելի Երևանի մետրոյի ճակատագրի  համար, երբ լավ լուր լսեցի այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը`  մեր մի շարք միջազգային գործընկերների հետ համատեղ, Մետրոյի վերականգնման լայնածավալ ծրագիր է սկսել: 001metro

Ես անչափ ուրախ եմ այս նախաձեռնության համար, որը շարունակությունն է տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց ներդրած ջանքերի և որի շնորհիվ մեր Մետրոն կշարունակի ծառայել երևանցիների հաջորդ սերունդներին ու քաղաքի հյուրերին` նույն կերպ, ինչպես Լոնդոնի մետրոն է դա անում արդեն մեկ դար ու կես Լոնդոնի համար:

Եկեք հավատանք, որ ինչպես հնեցված գինու դեպքում, Երևանի մետրոն էլ ժամանակի ընթացքում ավելի և ավելի լավը, խնամված ու սիրված կդառնա:  Լոնդոնի տրանսպորտի պաշտոնյաները և մասնագետները, ովքեր պատասխանատու են Լոնդոնի մետրոյի աշխատանքի համար, բավական փորձ ունեն այս ոլորտում, և կարծում եմ, որ պատրաստակամ են կիսել իրենց գիտելիքներն ու հմտությունը իրենց հայ գործընկերների հետ և նպաստելու Երևանի մետրոյի վերակառուցմանը:

Follow UK in